«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ծրագրից շեղում կա՞

Ծրագրից շեղում կա՞
26.07.2016 | 16:21

Դեռ քանի օր կշարունակի իշխանությունը իրավիճակին «հանգիստ» վերաբերվել և հստակ քայլեր չձեռնարկել, այս պահին դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունը դանդաղ է գործում, որպեսզի անկանխատեսելի հետևանքներ չլինեն: Ասել է՝ չթափվի արյուն, չլինեն զոհեր, քանի որ դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է նրա «վզին»: Այս պահին տպավորությունն այնպիսին է, որ իշխանություններն ուշի ուշով հետևում են ՊՊԾ գնդում զինված հարձակում իրականացրած անձանց գործողություններին և ձեռնարկում այն քայլերը, որոնք նրանց գործողություններից են բխում:


Փոխարենը, ՊՊԾ-ն գրաված տղաների մեջ կարծես այլ տրամադրություն է: Նրանք հստակ դժգոհ են բանակցությունների ընթացքից ու դրա «մոդերատորից», ունեն արդեն երկու վիրավոր հիվանդանոցում, պահանջում են կրկին լրատվամիջոցների հանդիպում և այլ միջնորդ: Սա նշանակում է, որ նրանց նախապես մշակած ծրագիրը շեղումներ է արձանագրել, չեն կատարվում նրանց պահանջները, իսկ ժամանակն անտեղի հոսում է: Սրա մասին է փաստում նաև ՊՊԾ գնդի մեքենաներ այրելը, ինչը, բնականաբար, նշան էր, որ ինչ-ինչ հարցեր նրանց համար անցանկալի ընթացքով են առաջ գնում:


Ավելին, զինյալների շուրջ օղակը «սեղմվում» է նաև այն առումով, որ դրսում գտնվող ու նրանց սատարող թիմակիցների և իրենց հայտարարությունները միմյանց չեն համապատասխանում, իսկ սա արդեն բավականին բարդացնելու է նրանց գործը: Վերջին օրերի ամենաուշագրավ դրվագը. ՊՊԾ գունդը գրավածները հստակ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ հայտարարությունը, թե Ժիրայր Սէֆիլյանը հետ է կանգնել այդ մտադրությունից, բոլորին հանկարծակիի բերեց: Արդյունքում ստախոս դուրս եկավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ընդամենը փոխանցել էր Սէֆիլյանի խոսքը: Ինչևէ: Այս խնդրի հանգուցալուծումից պարզ կդառնա՝ ով իրականում ինչ պահանջ ու ցանկություն ուներ: Իսկ առայժմ պետք է բավարարվել քիչ տեղեկատվությամբ, որն իրավիճակի պատկերը լիարժեքորեն չի կարող ներկայացնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ